ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հետօլիմպիական խոհեր` ոչ օլիմպիական շեշտադրումներով

Հետօլիմպիական խոհեր` ոչ օլիմպիական շեշտադրումներով
28.09.2012 | 11:40

«ԼՈ-ԼՈ, ԼՈ-ԼՈ, ՔՐԴԻ ԱՂՋԿԱՆ Է՞Լ ԼՈ-ԼՈ»

Թերթի արձակուրդից վերադառնալուց հետո խոստացանք անդրադառնալ լոնդոնյան օլիմպիադային մեր մասնակցությանն ու, ընթացիկ հարցերով ընկած, խնդիրը մի տեսակ աչքաթող արեցինք` ընթերցողի մոտ անլուրջ մարդու տպավորություն թողնելով: Հարցի արծարծման ուշացման պատճառը, անկեղծ լինենք, այնքան էլ մերը չէր. կային օրախնդիր բաներ, որոնք ուշացնել չէր կարելի` թեկուզև նույն այդ տեղեկատվության օպերատիվությունն ապահովելու նկատառումով: Եվ, այսուհանդերձ, չարդարանանք: Փորձենք լրացնել բացը:
Օլիմպիական մեր սպասումների մեջ, փաստորեն, հենման երկու լուրջ կետ ունեինք` ծանրամարտն ու ըմբշամարտը. երկուսն էլ հենակետային, երկուսն էլ հանրապետությունում պինդ հիմքեր ունեցող: Ինչ բերելու էինք, սրանցով կամ սրանցից էինք բերելու: Մնացածները ֆոն էին: Մեր այս ասածը բնավ էլ կատեգորիկ հնչողություն չունի: Փաստն է այսպիսին, ու թող օլիմպիադայում մարզաձևը ներկայացրած ո՛չ մեր միակ բռնցքամարտիկը նեղանա ճշմարտության այս բարձրաձայնումից, ո՛չ միակ թաեքվոնդոիստը, ո՛չ միակ հրաձիգը, ո՛չ… Իհարկե, կարող եմ այս ոչերն էլի մի երկու մարզաձևի ներկայացուցիչներով կոնկրետացնել, սակայն սրանից ո՛չ գործը կշահի, ո՛չ էլ բան կփոխվի: Պարզ ասենք` ըմբշամարտիկներին ու ծանրորդներին հանած, մնացածի պարագայում վիճակն այսպիսին էր. «կպներ»` գլուխ էինք գովելու, «չկպներ»` կասեինք… Դե մի բան կասեինք, էլի: Ի՞նչ է, ասելու բա՞ն չէինք ունենա, թե՞ դրա ձևը չգիտենք: Հիշենք խոսքը` «լո-լո, լո-լո, քրդի աղջկան է՞լ լո-լո» ու անցնենք առաջ` առանց պայման դնելու, որ անվերապահորեն հասկացանք իրար:
Սրանից զատ մի բան էլ եմ ուզում հիշեցնել: Առաջներում նամակ ո՞նց էին գրում: Խոսքս գրավոր խոսքի այդ ժանրի սկզբին է վերաբերում` մտքերի ծավալային շարադրման բանալի-առաջաբանին, որով, նախքան նամակի բուն բովանդակությանն անցնելը, նամակագիրը, նախ, խնդրում էր ընդունել կարոտալից սրտից բխած բառերը «սիրասուն պապա ջանին», ապա «թանկագին մամա ջանին», ինչից հետո նոր գլորվում էր սրտաբուխ բարևների մի ողջ շարան գերդաստանի յուրաքանչյուր անդամին: Բնականաբար, համաձայն նամակագրի նախընտրության, ըստ կարոտի աստիճանի կամ տարիքային ցենզի խստիվ պահպանումով:
Արդ, պահպանելով նամակագրության թող որ հնացած այդ սկզբունքը, սրտի բխումի մի երկու խոսք ասենք, նախ, օլիմպիադայում մեր ըմբիշների ելույթների կապակցությամբ, ապա նոր դառնանք ցավոտ հարցերին:
Իսկապես, կեցցե՛ն մեր օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդի Արսեն Ջուլֆալակյանն ու ըմբշամարտում պակաս հետագիծ չթողած Գևորգ Ալեքսանյանի որդի Արթուր Ալեքսանյանը: Ինչ խոսք, շատ ավելի լավ կլիներ, եթե Արսենը նույնությամբ կրկներ Սեուլում քսանչորս տարի առաջ հոր արածն ու օլիմպիական ոսկով վերադառնար, բայց… ունեցանք արծաթ, ինչը նույնպես քիչ բան չէ: Բոլոր դեպքերում, ասենք` ապրի տղան, ու գնանք առաջ: Ինչ վերաբերում է Արթուրի բրոնզին, այստեղ իսկապես լուրջ ցավ կա, ու այդ ցավի թիվ մեկ կրողը ըմբիշն ինքն է, ում «նիաթը», ինչպես կասեին գյումրեցիները, այդպես էլ չբացվեց անգամ պատվո պատվանդանի վրա: Անձամբ իմ սպասումներն էլ անհամեմատ մեծ էին այս հրաշք երիտասարդից, ու թեև բրոնզե մեդալն էլ մեդալ է, սակայն մենք նրան դրա համար չէինք ուղարկել օլիմպիադա: Բրոնզե մեդալ մարզիկը Գյումրիում ումից էլ ուզեր` կհանեին-կտային: Մանավանդ որ, ասում են, գյումրեցի մարզիկները, ինչը ոսկի չէ, աչքից հեռու տեղ են պահում (իրազեկվածները կարող են լեզուն ատամների հետևում պահել):

ՈՉ ԹԵ ՀԱՄԸ ՀԱՆԵՑԻՆ, ԱՅԼ ԽԱՅՏԱՌԱԿ ՁԵՎՈՎ ՀԱՆԵՑԻՆ
Ըմբիշներից առաջ կամ հետո այս նյութում, բնականաբար, պիտի հետևեին գովասանքի խոսքերը մեր ծանրորդներին, սակայն, արի ու տես, որ նրանք ոչ թե համը հանեցին, այլ խայտառակ ձևով հանեցին: Չլիներ Քասախի գյոզալը (էս է, ուր որ է պսակելու ենք)` մեր անուշիկ Հռիփսիմե Խուրշուդյանը, կարելի էր հանգիստ խղճով նույնիսկ տուն չվերադառնալ, ու ոչ թե նրա համար, որ Լոնդոնում ավելի լավ է, այլ… ամոթից: Սակայն վերադարձանք ու, չգիտես ինչ ծալապակասի խորհրդով, վերադարձանք փամփուշտները դեռևս Լոնդոնում կրակած ու կրակելով: Ճիշտ է, բոլորի միջի «դուխով տղեն», բարեբախտաբար, միայն մեկը եղավ` Առաքել Միրզոյանը` նույնպես օլիմպիական չեմպիոնի որդի, ով, սակայն, օլիմպիական մրցահարթակում, փոխանակ ծանրաձողը հաղթականորեն գլխի վերևում պահեր, կարողացավ այն երեք անգամ մինչև ծնկները քաշել միայն (ի միջի այլոց` նա զրո ստացած մեր միակ հակահերոսը չէ) ու, փոխանակ արածին հոդաբաշխ բացատրություն գտներ, թե ինչու այդպես եղավ կամ արեց, ոտքով-գլխով խրվեց քաղաքականության մեջ` հայկական սպորտի վիրավորված թասիբին վիրավորված պաշտպան կանգնելով ու, ոչ ավել-ոչ պակաս, գրոհելով աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի վրա (ում հետևից, ի միջի այլոց, այդ թվում և` «քաղաքականության» մեջ հմտացած նրա վայ-խորհրդատուներն ինչքան էլ վազեն, միևնույն է, չեն հասնի):
Թե ինչո՞ւ Յուրի Վարդանյանը, իր իսկ բառերով ասած, հորենական գարաժում Առաքել Միրզոյանի պարապելն այդպես հանկարծահաս հիշեց, երբ, ինչքան ժամանակ է, մարզիկը նախընտրում է հավաքականից զատ պարապելը, ու դա հանդուրժում էր ֆեդերացիան, թե ինչու մեր անվանի ծանրորդը պահն այդպես անվրեպ հարմար գտավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին «քլնգելու» համար, մի քիչ մութ խնդիր է (թեպետ լավ էլ գիտենք այդ մթություն կոչվածը), բայց որ նույն Գագիկ Ծառուկյանին իր անպատվաբեր մրցելույթով մրոտած Առաքել Միրզոյանը չէ, որ լինելու էր պաշտպան, սա էլ աներկբա է։
Ինչևէ։
Մեր ծանրորդներին օլիմպիադայում մնում էր ընդամենը լինել մարզավիճակի մեջ, ինչը, սակայն, այդպես չեղավ: Պատճառները շատ են, ու դրանց մեջ գլխավորը վնասվածքներն էին (Մելինե Դալուզյանի ձախողումն առանձին խնդիր է), վնասվածքների կողքին մրցակցային փորձի հարկադիր բացակայությունը:

ՁԱԽՈՂՈՒՄԸ, ԱՅՈ, «ԳԼՈՒԽ ԹՌՆԵԼ» ՊԻՏԻ ԱՐԺԵՆԱՐ
Դրանք պիտի՞ ճաք տային: Պիտի տային: Պարզապես մեր բախտն այնքան չբերեց, որ այդ «ճաքը» համընկավ մարզական քառամյակի գլխավոր իրադարձության հետ:
Կարո՞ղ էինք օլիմպիադայից առաջ (նաև հետո) այնքան չարչրկված «իհարկե, օլիմպիական չեմպիոնների տղաներին պիտի տանեն օլիմպիադա ու ոչ թե թիկունք չունեցողներին» թեմայի համար այդքան պարարտ հող չստեղծել` օլիմպիադա Առաքել Միրզոյան ու Նորայր Վարդանյան չտանելով:
Կարող էինք:
Սակայն, ի՞նչ է, ունեինք ավելի լավերը ու չտարա՞նք:
Չհավատաք: Բացեք վերջին երկու տարիների տվյալներն ու խորամուխ եղեք պարզ ճշմարտության մեջ:
Սրա փոխարեն ուրիշ բան ասեք:
Ասեք, որ հատկապես վերջին երկու տարիներին թիմ ասված հասկացությունը վերացել էր Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականից, ասեք, որ հայկական ծանրամարտում տիրապետող էին դարձել անդրկուլիսային խոսակցություններն ու տակփորոցիները, թայֆաբազությունը, ասեք, որ դրանց դեմը չառնվեց, ասեք, որ ամեն մեկին թվաց, թե ինքն ի զորու է թիմ գլխավորելու` այդ թվում և իր երկրորդ լինելը գերագնահատելու գնով, այդ թվում և անցյալի սեփական ձախողումները մոռացության տալով, այդ թվում և «սոխի սեյրակն է լավը» հիմարավուն փիլիսոփայությամբ (ես կարող եմ յուրաքանչյուր թվարկման տակ կոնկրետ անուն հիշատակել, սակայն կարևորն այստեղ ոչ թե անձերն են, այլ երևույթը):
Ասե՛ք: Շա՛տ բան կա ասելու:
Ինչ պիտի արվեր սրանց դեմն առնելու համա՞ր:
Շատ հասարակ բան: Ամեն մեկը պիտի դրվեր իր տեղը, ամեն մեկին պիտի ցույց տրվեր իրեն հասանելիք անկյունը: Այ, այս տեղը դնելը չարվեց: ՈՒ, առաջին հերթին, չարվեց իր իսկ` ֆեդերացիայի նախագահի կողմից, ով ի պաշտոնե պարտավոր էր դա անել: Մանավանդ որ ծանրամարտում նա գոնե տնփեսա չէր, մարզաձևը մինչև ուղնուծուծը իմացող մարդ էր, այդ թվում` դրսում ունեցած հրաշալի կապերով: Փոխարենն անօրինակ «խիզախ», իսկ եթե կուզեք ճիշտն իմանալ, նույն այդ մարզաձևի զարգացման առումով ոչինչ չասող քայլ կատարվեց հրաժարականի տեսքով:
Իմպուլսի՞վ քայլ էր Սամվել Խաչատրյանի արածը:
Հարցը միանշանակ պատասխան չունի: Բայց որ նա տվյալ պարագայի համար յուրօրինակ շանթարգել դարձավ, չեմ կարծում, որ երկու կարծիք կարող է լինել:
Ես շատ լավ հասկանում եմ, որ օլիմպիադայում մեր ծանրորդների ձախողումը պիտի «գլուխ թռնել» արժենար ու արժեցավ, որովհետև չափազանց մեծ էին այս մարզաձևում դրված խաղադրույքները: Այստեղից պիտի լիներ մեր ամենաակնկալված ոսկե ներկայանալը հանրությանը, եթե կուզեք ճիշտը իմանալ, պատկերավոր ասած, Քրիստոսի նորօրյա հայտնությունը ժողովրդին: Սպասված ոսկին, ախր, շատ էր սպասված: Կարծում եմ` հիմա շատ ավելի բարձրաձայնեցի ծանրամարտիկների ձախողմանը հետևած «հրավառության» պոռթկումը, այդ թվում նաև` լրագրողների կողմից այնքան վարպետորեն հրամցված BBC-ին տրված «ինտերվյուի» շահարկումով:
Ձախողումը, այո, «գլուխ թռնել» պիտի արժենար ու արժեցավ: Ի դեպ, մի մարդու, ում ղեկավարության վեց տարիներին հայկական ծանրամարտն ունեցել է 369 մեդալ: Եթե շատ կուզեք իմանալ, պատանեկան վերջին աշխարհի երեք ոսկին ու բրոնզն էլ նրա ակտիվում են: Այո, այո, խոսքս նույն Սամվել Խաչատրյանի մասին է: Չընկալվի, թե ես նրան պաշտպանության տակ եմ առնում: Քավ լիցի: Նա իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ բավականին ուժեղ մարդ է` աջակցություն փնտրելու համար: Խոսքն այս մասին չէ: Բայց այսպես ամեն ինչ մի մարդու գլխի՞ն կոտրել` չփորձելով գնալ պատճառահետևանքային կապերի հետևից, առանց նրան ճշմարտության աչքերի մեջ ճիշտ նայելու հնարավորություն տալո՞ւ:
Ինչ-որ չափազանց հայկական տարբերակ չի՞ ստացվում:

ԳՈ՛ՐԾ ԱՐԵՔ, ԳՈ՛ՐԾ
Կրկնում եմ` դարձյալ չակերտներ չբացելով. թիմի համար ամեն ինչ էր արված: Բայց եթե Սամվել Խաչատրյանն է «թռնում», օրինական հարց է ծագում` բա փոս փորողնե՞րը, քամի անողնե՞րը, հավաքականի հավաքականությունը մաշածներն ու մաշողնե՞րը, պտղի մեջ միջատի պես նստածնե՞րը։ Եթե սրանց դեմը չառնվի, սրանք նորից անվրեպ գործելու են, գործելու են նպատակասլաց ու կրկնապատկված ավյունով, որովհետև իրենք գիտեն քանդել-ավերելու լեզուն, գիտեն պետք եկած տեղը ճերմակ ֆրակով ներկայանալու հունարը:
Խնդրով մտահոգ` ես, հարկավ, առանձնազրույց եմ խնդրելու թե՛ Սամվել Խաչատրյանից, թե՛ ֆեդերացիայի նորանշանակ նախագահ Արմեն Շահբազյանից, որովհետև ինձ ու իմ ներկայացրած թերթի համար հայկական ծանրամարտը չափազանց մեծ արժեք է սոսկ հետաքրքրություն լինելու համար:
Մի նյութի շրջանակներում չափից դուրս դժվար է բոլոր հարցերին սպառում տալը կամ դրանք հիմնովին արծարծելը: Ծանրամարտը դարձնելով թիրախ` մենք բացառապես ծավալվեցինք այս մարզաձևի վրա` իրականում նկատի ունենալով հայկական սպորտում առկա դրվածքն առհասարակ: Հիմնահարցեր, հարկավ, շատ կան: Դրանք մենք հետևողականորեն բարձրացրել, բարձրացնում ենք ու կշարունակենք բարձրացնել: Իհարկե, ես շատ ուրախ եմ սպորտի ու երիտասարդության հարցերի երիտասարդ նախարարի այն հայտարարության կապակցությամբ, որ, «պարբերաբար լինելով Երևանում և մարզերում գտնվող մարզասրահներում, լավատեղյակ է այնտեղ տիրող իրավիճակին», սակայն ասում ենք, որ այդ նախարարությունում եթե միայն «Իրատես de facto»-ի հրապարակումները կարդային տեղերում տիրող իրավիճակի մասին, Երևանում նստած դարձյալ ամբողջական պատկերացում կունենային հիմնախնդրից:
Սա չենք ասում մեզ գովելու համար:
Մենք գովված լինելու հաճույքը վաղ երիտասարդ տարիքում նույն այդ երիտասարդ տարիքին բնորոշ թեթևամտությամբ կարևորած մարդ ենք, ու դրա դատարկությունը վաղուց տեսել ենք և, եթե կուզեք ճիշտն իմանալ, մեր այս հասուն երիտասարդության տարիքում սրտահաճորեն չենք էլ ընդունում նման բաները:
Գո՛րծ արեք, գո՛րծ, որ մարդուս սիրտը թնդա ուրախությունից:
Ողջություն բոլորիս, ծաղկում հայկական սպորտին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ